Ազգանուն փոխելը Վրաստանում կդժվարանա։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ արձանագրելով վիզային ազատականացման ոլորտում որոշակի խնդիրների ի հայտ գալը։ Վարչապետը փաստել է, որ երկրի որոշ քաղաքացիներ ԵՄ տարածքից արտաքսվելուց հետո ազգանվան փոփոխության են դիմում և կրկին ուղևորվում Շենգենյան գոտի, որոշ դեպքերում՝ հանցագործություն կատարում։
«Մենք գործողությունների համալիր ծրագիր ենք մշակել։ Ազգանվան փոփոխության ողջ գործընթացը մեր երկրում զգալիորեն բարդացվելու է»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Միաժամանակ Թբիլիսիում կայացել են Վրաստանի և Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչների բանակցությունները: Կողմերը քննարկման հիմնական թեման եղել է ԵՄ-ում ապաստան հայցող վրացիների հարցը։
«Ապաստանի գրեթե բոլոր դիմումները կմերժվեն, և նման խնդրանքով դիմած Վրաստանի բոլոր քաղաքացիները կուղարկվեն հայրենիք»,-ասել է Գերմանիայի պատվիրակության ղեկավար Քրիստիան Կլոսը։ Նա հավելել է, որ արտաքսվածների հետագա մուտքը Շենգենյան գոտի կարգելվի։