Ռուսաստանը ելնում է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման կարևորությունից, որը բխում է երկու երկրների շահերից։
Այս մասին չորեքշաբթի օրը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի և Հայաստանի միջև ցյուրիխյան արձանագրությունների չեղարկումը։
«Ռուսական պատվիրակությունը գտնվել է Ցյուրիխում և ակտիվորեն մասնակցել է արձանագրությունների պատրաստման գործընթացին։ Մենք գնահատական ենք տվել այս արձանագրություններին և, այդ գնահատականները շարունակում են հրատապ մնալ։ Մենք ելնում ենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման կարևորությունից, որը բխում է հենց երկու երկրների շահերից։ Մեր կողմից մենք ամեն բան արել ենք հենց այս նպատակին հասնելու համար»,– ասել է Զախարովան։