Հանրապետական գործընկերներս իրականացրել են կուսակցության որոշումը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով խորհրդարանում նախագահի ընտրությանը։ Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 90, դեմ՝ 10 պատգամավոր:
«Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը և Սասուն Միքայելյանը բացակա էին, ինչը նշանակում է՝ 10 դեմ ձայներից 3-ը կա՛մ «Ծառուկյան» դաշինքից է եղել, կա՛մ ՀՀԿ-ից։
«Ես սուրճի բաժակ նայող չեմ, որպեսզի ասեմ՝ գաղտնի քվեարկության արդյունքները, ով ինչպես է քվեարկել. էդ ջիղը, որն ունի ընդդիմությունը, որ կարողանում է սուրճի բաժակ նայելով՝ որոշել, թե գաղտնի քվեարկությանը ով է կողմ քվեարկել, ով՝ դեմ, ձեր խոնարհ ծառան չունի։ Ընտրությունը եղել է գաղտնի, և ես չեմ կարող ասել, թե ով է կողմ քվեարկել, ով՝ չէ։ Ընտրությունը հենց դրա համար էլ գաղտնի է, որպեսզի մարդիկ քվեարկեն իրենց խղճին համապատասխան»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։
Անդրադառնալով Արմեն Սարգսյանի թեկնածության լեգիտիմության խնդրին՝ Շարմազանովը ասաց, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր չունի։ Նա ընդգծեց, որ չի կարող ասել, թե հետագայում Արմեն Սարգսյանը, որը Երրորդ Հանրապետության 4-րդ նախագահն է, որևէ կաշկանդվածություն չպետք է ունենա, որպեսզի իր տեսակետները հարմարեցնի կամ իշխանությանը, կամ ընդդիմությանը։
«Նա պետության գլուխն է, նա լեգիտիմ է, հավաքել է 90 ձայն, խորհրդարանի ճնշող մեծամասնությունը քվեարկել է իր օգտին, և այդ իմաստով ես որևէ խնդիր չեմ տեսնում, որ պարոն նախագահը, ում երդմնակալությունը կլինի ապրիլի 9-ին, ունենա տարբեր կարծիք, քան կոնկրետ ես ու իմ կուսակցությունը։ Ես ասել եմ՝ մենք լայնախոհ ենք, մի քանի անգամ ասել եմ, որ ճիշտ է՝ ՀՀԿ-ն է առաջադրել Արմեն Սարգսյանին, բայց մենք չենք կաշկանդելու Երրորդ հանրապետության 4-րդ նախագահին»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: