Արմեն Սարգսյանի հետ հանդիպման հենց սկզբում մենք արձանագրել ենք, որ մենք նախագահի մեր թեկնածուն ունենք՝ Արտակ Զեյնալյանը, բնականաբար նախագահի պաշտոնում իր տեսլականի շուրջ է եղել խոսակցությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում, ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա ներկայացրեց, թե կոնկրետ ինչ հարցադրումներով են դիմել Արմեն Սարգսյանին. «Հարցրել ենք` ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ի հեճուկս նրան, որ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, բայց պրոցեսները գնում են հենց դրան: Դա ներքաղաքական վիճակը սրելու լուրջ պոտենցիալ ունեցող հարց է և նա, ով լինելու է նախագահ, լուրջ խաչմերուկի և դերակատարման մեջ կարող է հայտնվել»,-ասաց Փաշինյանը: