Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Պետական գույքի կառավարման վարչության կողմից արձանագրվել են պետական մարմիններին, պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին ամրացված մի շարք անշարժ գույքեր, որոնք փաստացի չեն օգտագործվում կամ օգտագործվում են ոչ արդյունավետ և մասնակի։ «Միաժամանակ, այդ գույքերի սպասարկման և պահպանման ծախսերը հիմնականում իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Այդ իսկ պատճառով նման տեսակի գույքերը ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով հարկավոր է օգտագործման տրամադրել, նույնիսկ անհատույց կամ նախաձեռնել դրանց օտարման գործընթացը»,- ասաց Կարեն Կարապետյանը։
Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին հանձնարարեց և Երևանի քաղաքապետին առաջարկեց 1-ամսյա ժամկետում գույքագրել և Պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել պետական, համայնքային, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմնի ենթակայության՝ պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին, օգտագործման իրավունքով ամրացված այն անշարժ գույքի ցանկերը, որոնք մինչ օրս չեն օգտագործվում կամ օգտագործվում են ոչ լիարժեք:
Պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվեց 1-ամսյա ժամկետում ամփոփել 1-ին կետով ներկայացված տեղեկատվությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ ներկայացված գույքերը ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով՝ օգտագործման տրամադրման կամ դրանց օտարման գործընթացի նախաձեռնման վերաբերյալ: