ԱՄՆ նախարարությունները և գերատեսչությունները ստիպված են մասամբ դադարեցնել աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ ԱՄՆ Կոնգրեսը չի կարողացել երկրի դաշնային բյուջեն հաստատել մինչև հունվարի 20-ի կեսգիշեր: Այդպիսով վերջացել է կառավարության ֆինանսավորման մասին ներկայիս ժամանակավոր օրենքի գործողության ժամկետը:
Կարևոր առաջադրանքներ չկատարող պետական մարմինների բոլոր աշխատակիցները ժամանակավոր չվճարվող արձակուրդ կգնան: Սենատում շարունակվում են բանակցությունները նոր օրինագծի հարցով:
Կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին օրենքի նախագիծն արդեն հաստատվել է Ներկայացուցիչների պալատում: Սակայն Սենատում դեմոկրատական փոքրամասնությունն արգելափակում է դրա առաջխաղացումը, մասնավորապես, Թրամփի վարչակազմի կողմից որոշ ծրագրերի, օրինակ՝ անչափահաս միգրանտների պաշտպանության ծրագրի սահմանափակման պատճառով: