Ազգային ժողովի «Ելք» խմբակցության համար անակնկալ չի լինի, եթե «Ծառուկյան» խմբակցությունը սատարի Նախագահի ՀՀԿ-ի թեկնածուին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Դա իրենց որոշելիքն է՝ ում սատարեն: Մենք ունենք նախագահի թեկնածու, առաջադրել ենք, առաջարկել ենք միանալ: Դեռևս ժամանակ կա, եթե միանան, դրա համար 26 ստորագրություն է հարկավոր, մենք կունենանք նախագահի այլընտրանքային թեկնածու: Եթե դա տեղի չունենա, ապա նախագահի ընտրությունն առաջին փուլում կավարտվի, մանավանդ, եթե «Ծառուկյան» դաշինքը չի բացառում, որ կարող է սատարել ՀՀԿ թեկնածուին»,- նշեց Մարուքյանը:
Հարցին, թե չէի՞ն սխալվում «Ծառուկյան» դաշինքի հարցով, երբ մտածում էին, որ դաշինքը կաջակցի իրենց թեկնածուին, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Մարդիկ հայտարարել են, որ իրենք ընդդիմադիր խմբակցություն են, և մենք օգտվում էինք մեզ տրված լծակներից: Կան նախաձեռնություններ, որոնց համար անհրաժեշտ են ստորագրություններ: Մենք առաջարկում ենք՝ միանում են, թող միանան, չեն միանում՝ գնահատականը տալիս է քաղաքացին: Մենք սխալ հաշվարկ չենք արել»:
Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ «Ելք»-ը նախագահի ընտրության ժամանակ աջակցի ՀՀԿ թեկնածուին, պատգամավորը պատասխանեց. «Այս պահին մենք ունենք մեր թեկնածուն: Չկա ՀՀԿ թեկնածու, չենք քննարկել հարցը, եթե լինի, կքննարկենք: Ես չեմ ասում, որ մենք կքվեարկենք նրա օգտին, բայց կքննարկենք: Ով էլ լինի, ցանկացած թեկնածու, քննարկելու ենք: Եթե այդ թեկնածուին դեմ ենք, պետք է քննարկենք ու ասենք, թե ինչու ենք դեմ»: