ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի կարծիքով՝ Թուրքիան այս տարիների ընթացքում իր քայլերով ցույց է տվել, որ պատրաստ չէ խնդրի լուծմանը. «Այդ պատճառով էլ միակ տարբերակը հայ-թուրքական արձանագրություններին չանդրադառնալն ու ընդհանրապես թաղելն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պատմաբանը՝ անդրադառնալով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների։
Էդիկ Մինասյանը հավելում է. «Թուրքիան իր քայլով ցույց տվեց, որ պատրաստ չէ վավերացման, նախապայմաններ է առաջ քաշում։ Ըստ էության այս արձանագրությունները որևէ հեռանկար չունեն։ Կարծում եմ՝ մենք գարունը կդիմավորենք առանց այս արձանագրությունների»։ «Հայ-թուրքական հարաբերությունների մեջ մինչ այսօր դիվանագիտական որևէ կապ չկա։ Գիտեք՝ այդ հարաբերությունների հետագա զարգացումից որոշակի վտանգներ կային։ Բայց հարևանների հետ բարիդրացիական սկզբունքներից ելնելով՝ փորձեցինք կարգավորել, բայց Թուրքիան իր գործունեությամբ ապացուցեց, որ պատրաստ չէ այս խնդրի լուծմանը»,- եզրափակեց պատմաբանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։