Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հունվարի 6-ին կայցելի Գերմանիա՝ գերմանացի գործընկեր Զիգմար Գաբրիելի հետ բանակցությունների մասնակցելու համար։
ԱԳ նախարարների բանակցությունները կանցկացվեն Գոսլար քաղաքում։ Զիգմար Գաբրիելը ծնունդով Գոսլարից է։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
ԱԳ նախարարների նախորդ հանդիպումը կայացել է 2017 թվականի նոյեմբերի 5-ին, Չավուշօղլուի հարազատ Անթալիայում։
Անկարայի դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ նախարարները կքննարկեն երկու երկրների միջև հարաբերություններում առկա լարվածության վերացման ուղիները։ Ծրագրվում է ուրվագծել քայլերը՝ ուղղված դրական մթնոլորտի ձևավորմանը, որը կնպաստի միջպետական հարաբերություններում վստահության աճին։
Հաշվի առնելով Անկարայի և Բեռլինի տնտեսական փոխգործակցության ծավալները՝ հարաբերությունների նորմալացումը մեծ նշանակություն ունի երկու երկրների համար։
2016 թվականի արդյունքներով՝ Գերմանիան զբաղեցրել է առաջին տեղը Թուրքիայի արտահանման և երկրորդ տեղը՝ ներկրման մեջ։
Միևնույն ժամանակ Թուրքիան 13-րդ տեղն է զբաղեցնում Գերմանիայի առևտրային գործընկերների ցուցակում։