Վաշինգտոնը դիմել է իրանական կառավարությանը՝ ողջ հանրապետությունում ցույցերի մասնակիցների հանդեպ զսպվածություն դրսևորելու կոչով։ Այս մասին հայտարարել է Պետդեպի մամլո քարտուղար Հիզեր Նաուերթը ճեպազրույցի ժամանակ։
«Մարդիկ դուրս են գալիս խաղաղ ցույցերի։ Մենք տեսել ենք բողոքի ակցիաների մասնակիցների, ովքեր անցնում են փողոցներով՝ ցուցապաստառները ձեռքերին…Մենք կոչ ենք անում անվտանգության ուժերին զսպվածություն դրսևորել, չարդարացված կերպով չանցնել սահմաններն ու վնաս չպատճառել ցուցարարներին»,-ընդգծել է Նաուերթը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի արտահերթ նիստեր գումարել՝ կապված Իրանի իրադարձությունների հետ։