Tuesday, 14 05 2024
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»

Նվաճումների և հաղթանակների տարի. Հայաստանը 2017-ին բարելավեց իր ռազմավարական դիրքերը

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում ամփոփել է Հայաստանի ձեռքբերումներն ու բացթողումները 2017 թվականին արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում՝ խոսելով նաև երկրի ներքաղաքական և տնտեսական վիճակի մասին:

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ԲԱՎԱՐԱՐ ԱՌԱՋԸՆԹԱՑ

– Բարև Ձեզ, պարոն Կիրակոսյան, նախ շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ի՞նչ արդյունքների է հասել Հայաստանը արտաքին և անվտանգային քաղաքականության ոլորտներում 2017 թվականին: Ի՞նչ կարող եք ասել հիմնական ուղղությունների մասին, մասնավորապես՝ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն, Հայաստան- Եվրամիություն, Հայաստան-ՆԱՏՕ, հարաբերություններ Միացյալ Նահանգների և իհարկե, հարևան երկրների հետ:

– Ընդհանուր առմամբ, անցած 2017 թվականն ի վերջո դարձավ հաջողությունների և հաղթանակների տարի Հայաստանի արտաքին քաղաքականության շատ ոլորտների և անվտանգության համար: Այնուամենայնիվ, եթե ավելի ուշադիր քննենք հարցը, ապա պիտի հիշենք, որ 2017 թ. սկիզբը անորոշության շրջան էր, քանի որ այդ շրջանում դեռևս չկար հաստատակամություն կամ քաղաքական կամք արտաքին և անվտանգային քաղաքականության վերաբերյալ: Բայց 2017-ի վերջնամասն ավելի հաջող էր: Հայաստանը ռազմավարական համաձայնագիր ստորագրեց Եվրամիության հետ, բարելավեց իր դիրքերը ռազմականապես՝ պաշտպանության և անվտանգության իմաստով, և խորացրեց բարեփոխումների դինամիկան: Գլխավոր մարտահրավերը, որին առերեսվելու է երկիրը 2018-ին, շարունակում է մնալ քաղաքական անցումը կառավարման խորհրդարանական մոդելին, և սա շատ կարևոր է Ադրբեջանի՝ Հայաստանում փոփոխությունների կամ Հայաստանի թուլության ընկալման պատճառով: 2017-ի սկզբնամասն անորոշ էր նաև տնտեսական իմաստով: Հետևաբար 2018 թվականը չի լինի 2017-ի հաջողությունների և հաղթանակների կրկնությունը, բայց ավելի լայն՝ ռազմավարական իմաստով, Հայաստանը առաջընթաց է արձանագրում: Այնուամենայնիվ, այդ առաջընթացի խորությունը, ամրությունն ու արագությունը չի բավարարում:

ՉՈՐՍ ԿԱՐԵՎՈՐ ՆՎԱՃՈՒՄ

– Այսպիսով, կարծում եք, որ 2017-ին ավելի շատ նվաճումներ ենք ունեցել, քան բացթողումնե՞ր:

Ես կնշեմ չորս կարևոր օրինակ: Նախ և առաջ՝ Հայաստանը հաջողությամբ ստորագրեց նոր՝ ռազմավարական համաձայնագիր Եվրամիության հետ, և որ ավելի կարևոր է՝ Ռուսաստանը չարգելափակեց համաձայնագրի ստորագրումը կամ չխոչընդոտեց դրան:

Երկրորդ կարևոր նվաճումն այն էր, որ չնայած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ լինելու հանգամանքին՝ Հայաստանը կարողացավ թե՛ նվազագույնի հասցնել տնտեսական վնասները և թե՛ հնարավորինս բարելավել Հայաստանի ռազմավարական դիրքը ԵԱՏՄ-ի ներսում:

Երրորդ հիմնական նվաճումը ռազմական դիրքերի բարելավումն է 2016 թ. ռազմական բախումներից հետո, և հիմա Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը շատ ավելի լավ են պատրաստված նոր հնարավոր հարձակումներին և ավելի լավ են դիրքավորված դիվանագիտական առումով:

Վերջին՝ չորրորդ ոլորտը վերաբերում է քաղաքական խնդիրներին: Ներքաղաքական գործոններն ազդելու են արտաքին քաղաքականության վրա, և հենց այստեղ է, որ անցումը կառավարման խորհրդարանական մոդելին ցուցադրեց խորհրդարանական արտաքին քաղաքականության նոր մոդելի սկիզբը կամ նախանշանները՝ ներառյալ վերահսկողությունը և հաշվետվողականությունը:

ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ

– Կարո՞ղ ենք եզրակացնել, որ 2017 թ. հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոքր-ինչ ավելի հավասարակշռված է դարձել:

– Այո: Եթե նայենք ավելի խորքային միտումներին, ապա ակնհայտ է, որ Հայաստանը և՛ ձգտում էր, և՛ նվաճեց հավասարակշռության որոշակի աստիճան, որը նախկինում պակասում էր: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ հավասարակշռվեցին իր հարաբերությունները Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում, բայց նաև խորացվեցին կապերն Արևմուտքի, ինչպես նաև Չինաստանի հետ: Այսպիսով, Հայաստանի արտաքին քաղաքականությունն այժմ ավելի, այսպես ասած, կոմպլիմենտար է կամ հավասարակշռված: Այս միտումները պետք է ամրապնդել և հարկավոր է ռազմավարական ներդրումներ անել՝ այս հավասարակշռությունն ամրապնդելու և նույնիսկ խորացնելու նպատակով: Բայց միտումը, ամեն դեպքում, դրական է:

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

– Դուք մատնանշեցիք Եվրամիության հետ ստորագրված նոր համաձայնագիրը: Ի՞նչ առաջընթացի ենք հասել, մասնավորապես արևմտյան ուղղությամբ՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի և, իհարկե, նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում: Ի վերջո, ո՞րն է Արևմուտքի հետ հարաբերությունների ռազմավարական նշանակությունը: Այս ուղղությունը կարո՞ղ եք համարժեք լինել Ռուսաստանի հետ հարաբերություններին:

Լավ հարց է: Հայաստանի և Արևմուտքի խորացող հարաբերություններում ռազմավարական երկու բաղադրիչ կա: Առաջին և հիմնական նշանակությունն այն է, որ Արևմուտքի հետ հարաբերությունները խուսանավելու ավելի մեծ հնարավորություններ են տալիս Հայաստանին, բայց նաև շահավետ են տնտեսական առումով, ներդրումների տեսանկյունից: Միացյալ Նահանգներն այսօր ակտիվորեն ներգրավված է, օրինակ, Հայաստանի էներգետիկ սեկտորում: Շարունակում են աճել առևտրի ծավալները ԵՄ-ի առանձին երկրների հետ:

Երկրորդ կարևոր խթանը կամ շարժիչը ավելի շատ մարտավարական նշանակություն ունի: Որքան Հայաստանն ավելի շատ է խորացնում իր հարաբերություններն Արևմուտքի հետ, այնքան ավելի շատ է ստիպում Ռուսաստանին հարգել իրեն: Ուստի, նույնիսկ Հայաստանի քաղաքական վերնախավի (իսթեբլիշմենթի) ռուսամետ տարրերն են գիտակցում, որ ինչքան Հայաստանն ավելի շատ աշխատի Արևմուտքի հետ, այնքան ավելի շատ օգուտներ կարող է ստանալ Ռուսաստանից: Եվ սա շատ խոստումնալից քաղաքականություն է:

Միևնույն ժամանակ, 2018 թ. տեղի են ունենալու շատ կարևոր՝ բարձր մակարդակի այցելություններ Հայաստան Ֆրանսիայի նախագահի և Կանադայի վարչապետի կողմից: Սա միայն կամրապնդի Հայաստանի ռազմավարական դիրքերը:

Իհարկե, կա որոշակի ճգնաժամ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում: Այնուամենայնիվ, Հայաստանն այսօր ԵԱՏՄ-ի միակ երկիրն է, որը բարձր մակարդակի գործընկերային հարաբերություններ ունի Եվրամիության հետ, հետևաբար, Հայաստանը կարող է տալ այն, ինչի կարիքն ունի Ռուսաստանի նախագահ Պուտինը, և ինչին հուսահատորեն ձգտում է ԵԱՏՄ-ն՝ հեղինակություն, վստահություն: Հայաստանը կարող է դառնալ կամուրջ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև:

ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՐԶՈՒՆԱԿ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ

– Ռուսաստանի քաղաքական վերնախավը, Ձեր կարծիքով, ինչպե՞ս է ընկալում, կամ ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանի արտաքին քաղաքականությանը այլ ուղղություններով: Պաշտոնական մակարդակով նրանք ցույց չեն տալիս որևէ դժգոհություն, ասում են՝ «խնդիր չենք տեսնում», բայց միևնույն ժամանակ տեսնում ենք լուրջ դժգոհություն կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ հիստերիա ավելի ցածր՝ փորձագետների, լրատվական դաշտի մակարդակով: Չէ՞ որ սա ռուսական քաղաքական մտքի որոշակի արտացոլումն է:

– Եթե անկեղծ լինեմ՝ ես չեմ հասկանում Ռուսաստանի քաղաքականության այս դրսևորումները, որովհետև դրանք խիստ հակասական են: Թվում է, թե պետական մակարդակով Ռուսաստանը հասկանում է, թե ինչ վնասներ են հասցվել Հայաստանի հետ հարաբերություններին: Բայց մյուս կողմից, Ռուսաստանը կազմակերպում է շատ պարզունակ քարոզարշավ Հայաստանի դեմ, ինչը ոչ միայն վիրավորական, այլև շատ գոռոզամիտ և կարճատես քայլ է: Այլ խոսքերով՝ ռուսական կառավարամետ մեդիայի նմանատիպ հարձակումները Հայաստանի դեմ ավելի հիասթափեցնող և մտահոգիչ ազդանշան են ուղարկում, քան նույնիսկ զենքի վաճառքն Ադրբեջանին: Եվ չնայած Հայաստանում ՌԴ դեպսանի «պաշտպանողական» հայտարարություններին՝ այս հարձակումները ցույց են տալիս, որ ռուսական «փափուկ ուժը» Հայաստանի դեմ շատ վտանգավոր է և ապակառուցողական: Բայց կրկին՝ ես չեմ հասկանում այս ամենի տրամաբանությունը՝ հակասությունը Ռուսաստանի կառավարության դիրքորոշման և Հայաստանը թիրախավորող ռուսական կառավարամետ մեդիայի կազմակերպված քարոզարշավի միջև:

– Եվ կարելի է ասել, որ քաղաքագիտական ճշմարտություն է այն, որ լրատվական դաշտն ընդհանրապես կամ սովորաբար պետական քաղաքականության կարևոր տարրերից մեկն է:

– Այո, հատկապես Ռուսաստանում: Ռուսաստանում այլևս չկա անկախ մամուլ: Բոլոր լրատվամիջոցները, հատկապես հեռուստաալիքներն ամբողջովին վերահսկվում են Կրեմլի կողմից, հետևաբար այս հակահայկական քարոզարշավը չի կարող արդարացվել Ռուսաստանի կառավարության կամ իշխանական որոշ շրջանակների կողմից: Ուստի, այո, սա շատ լուրջ հարց է: Մյուս կողմից, սա ցույց է տալիս այն, որ Հայաստանը բարձրացրել է արտաքին քաղաքականության հավասարակշռության աստիճանը, ավելի լավ է պաշտպանում իր անկախությունն ու ինքնիշխանությունը ոչ թե Ռուսաստանի պատճառով, այլ ի հեճուկս Ռուսաստանի: Եվ շատ հաճախ ես գալիս եմ այն եզրակացությանը, որ Ռուսաստանը Թուրքիայի պես հարգում է միայն ուժը: Կարծում եմ՝ դա լավագույն մոտեցումն է Ռուսաստանին, երբ Հայաստանը ստիպում է հարգել իրեն և պաշտպանում է իր շահերը:

ՎԵՐԱԴԱՐՁ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

– 2017-ը 2016-ին հաջորդած տարին էր, երբ եղավ ապրիլյան Քառօրյա պատերազմը՝ շատ լուրջ փորձություն և շատ ծանր դաս ընդհանրապես հայկական պետականության համար: Նկատե՞լ եք արդյոք նոր միտումներ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ՝ ակտիվացնելու հարաբերություններն այն ուղղություններով, որոնք կարևոր են հատկապես անվտանգության և պաշտպանության տեսանկյունից: Օրինակ՝ Հայաստան-Չինաստան և նույնիսկ՝ Հայաստան-Իսրայել:

Մի կողմից, դրանք նոր միտումներ չեն, ավելի շուտ՝ երկարաժամկետ քաղաքականության շարունակություն: Օրինակ, Հայաստանի կառավարության պետական քաղաքականությունը ղարաբաղյան հարցի առնչությամբ դիվանագիտությունն է, ոչ թե ռազմական ուժի գործադրումը, և մենք տեսնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, արտգործնախարարների հանդիպումների շնորհիվ հիմնախնդրի կարգավորման գործընթացը վերադառնում է դիվագիտության դաշտ: Միաժամանակ սա ցույց է տալիս, որ հայկական դիվանագիտությունը շարունակում է հավատարիմ մնալ փոխզիջումային տարբերակով հիմնախնդրի լուծմանը հասնելու քաղաքականությանը՝ ի հեճուկս հանրային կարծիքի:

Մյուս կողմից, նվազել են Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքները, ռազմական հարձակման ռիսկերը մոտակա ամիսներին: Այդ վտանգը հետաձգվել է մինչև, ասենք, 2018 թ. գարունը, երբ կվերսկսվի դիվանագիտական գործընթացը: Բայց ի վերջո, ամենամեծ հարցը ոչ թե այն է, թե ինչ է անելու Ադրբեջանը, այլ այն, թե ինչ չի անելու: Նկատի ունեմ այն հանգամանքը, որ Ադրբեջանի դիվանագիտական ռազմավարությունը ո՛չ դիվանագիտական է, ո՛չ էլ ռազմավարական: Հետևաբար, կլինեն շատ բարդ բանակցություններ, քանի դեռ Ադրբեջանի հանձնառությունը դիվանագիտական խաղաղ գործընթացին հավատ չի ներշնչում:

ԻՆՉՈ՞Ւ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉՀԱՐՁԱԿՎԵՑ

– Ի դեպ, ինչո՞վ եք բացատրում հարաբերական խաղաղությունը վերջին ամիսներին հակամարտության գոտում:

– Երկու պատճառ կա: Որքան էլ նոր հարձակումը Ապրիլյան պատերազմից հետո հավանական էր, այն տեղի չունեցավ մի կողմից այն պատճառով, որ Բաքվում որոշում կայացրեցին վերադառնալ դիվանագիտությանը՝ հավանաբար վախենալով միջազգային հանրության կամ Ռուսաստանի հնարավոր արձագանքից: Երկրորդ պատճառը ռազմական բնույթ ունի: Ադրբեջանը 2016 թ. ապրիլից հետո սպառել էր «անակնկալի էլեմենտը» և պատրաստ չէր նոր հարձակում կատարելու: Բայց միևնույն է, հարձակումը կրկնելը չափազանց գայթակղիչ է Ադրբեջանի համար: Ադրբեջանը կարող է հարձակվել մի օր, երբ կլինեն ավելի բարենպաստ եղանակային պայմաններ, երբ նա ավելի լավ պատրաստված կլինի, հետևաբար չպետք է կորցնենք մեր զգոնությունը, այլ պետք է ավելի լավ պատրաստվենք:

ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

– Ի՞նչ հատկանշական, կարևոր զարգացումներ կարող եք մատնանշել ղարաբաղյան հարցի առնչությամբ: Արդյո՞ք մենք ավելի լավ դիրքերում ենք 2017 թ. հետո:

– Ընդհանուր առմամբ՝ այո, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական իմաստներով, թեև ավելի կարևոր է այն հարցը, թե որքանով են թուլացել Ադրբեջանի դիրքերը, ոչ թե այն, որ Հայաստանը ավելի լավ դիրքերում է: Նաև հաճելի անակնկալ է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղն է այսօր ավելի լավ դիրքերում: Ի դեմս Արցախի արտգործնախարարի պաշտոնում նշանակված Մասիս Մայիլյանի՝ ունենք պրոֆեսիոնալ դիվանագետ: Եվ սա ևս մի պատճառ է արագացնելու մեր կոչը, եթե ոչ պահանջը՝ վերադարձնել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ:

– Ուրեմն պե՞տք է ակնկալենք, որ 2018 թ. Լեռնային Ղարաբաղն ուղղակիորեն մասնակից կդառնա բանակցություններին:

– Դա ոչ թե ակնկալիքների հարց է, այլ Լեռնային Ղարաբաղի արդարացի պահանջը: Որևէ հակամարտության դեպքում հնարավոր չի եղել հասնել խաղաղ հանգուցալուծման՝ առանց բոլոր կողմերի համաձայնության, և այս տեսանկյունից՝ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա դիվանագիտական ասպարեզ: Եվ հիմնավոր չեն այն փաստարկները, թե ինչու Լեռնային Ղարաբաղը ուղղակիորեն չի մասնակցում բանակցություններին:

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ, ՈՉ ԹԵ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ

– Մենք խոսում ենք արտաքին քաղաքականության, տարբեր ուղղությունների և գործոնների մասին՝ շատ հաճախ տարանջատելով այս հարցերը ներքին իրադրությունից, բայց ճիշտ չէ՞ արդյոք արտաքին քաղաքականության մասին խոսելիս՝ գնահատել նաև ներքին գործոնները, կառավարության, քաղաքական մեծամասնության որակները: Չէ՞ որ միայն ժողովրդավարական պետություն ունենալու դեպքում կարելի է ունենալ հզոր անվտանգություն և ակտիվ ու անկախ արտաքին քաղաքականություն:

– Դա շատ լավ ճշգրտում է, որովհետև արտաքին քաղաքականությունը վերլուծելիս՝ մենք տեսնում ենք, որ այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է, թե՛ արտաքին քաղաքականությունը և թե՛ ազգային անվտանգությունը անընդունելիորեն մեկ-երկու հոգու ձեռքում են: Բնականաբար, առաջին հերթին պիտի նշենք նախագահին և արտգործնախարարին: Բայց ամեն դեպքում անընդունելի է այն, որ Ազգային անվտանգության խորհուրդը մինչ օրս չի գործում, պարբերական հանդիպումներ չի անցկացնում, և որոշումների կայացման գործընթացը չափից ավելի անձնավորված է և ինստիտուցիոնալիզացված չէ: Այս թերությունները պետք է շտկվեն, բայց քանի որ մենք անցնում են խորհրդարանական կառավարման մոդելին, Ազգային ժողովը վերահսկողության ավելի մեծ լծակներ կստանա և նաև պարտավորություն կստանձնի գործելու արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում: Հսկայական հնարավորություներ կան խորացնելու այս գործընթացը և ավելի ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու այս ոլորտները:

Այսքանով հանդերձ՝ չեմ կարծում, որ այսօր պատրաստ ենք դրան, քանի որ գնալով ավելի ենք մոտենում 2018 թ. ապրիլին, և շարունակում է բաց մնալ այն հարցը, թե ո՞վ կդառնա կառավարության ղեկավարը՝ վարչապետը, Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետի ավարտից հետո: Նույն կերպ բաց է մնում հարցը, թե ով է բանակցելու Ադրբեջանը ներկայացնող Ալիևի հետ: Այս անցումը փոփոխությունների մեծ հնարավորություն է, բայց միաժամանակ՝ նաև լուրջ մարտահրավեր:

Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ՎԱՐՉԱՊԵՏ

– Կարծում եք՝ այս հարցը հիմա ավելի հստակեցված չէ՞՝ Սերժ Սարգսյանի և այլ հանրապետականների վերջին հայտարարություններից հետո:

Պարտադիր չէ, որ այդ հայտարարությունները հստակեցնեն հարցը, որովհետև քաղաքական մեծամասնության առաջատար գործիչները, տակտիկական նկատառումներից ելնելով, փորձում են բաց պահել այս հարցը՝ որքան հնարավոր է երկար, և չբացահայտել նախապես հաստատված ծրագիրը: Ամեն դեպքում, ով էլ դառնա Հայաստանի վարչապետ, նրա գործը շատ դժվար է լինելու, նա շարունակելու է առերեսվել միևնույն մարտահրավերներին՝ համակցված աննախադեպ փոփոխություններով, որոնք նախկինում երբեք չեն իրականացվել Հայաստանի պատմության նորագույն շրջանում:

ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ի՞նչ կարող ենք ասել՝ որպես եզրակացություն: Ի՞նչ կարող եք կանխատեսել հաջորդ տարվա համար՝ հաշվի առնելով այս իրավիճակը:

– Առաջին հերթին՝ եզրակացությունն այն է, որ եզրակացություն չկա: Դեռևս վաղ է գնահատական տալու համար: Հայաստանն այժմ անցման և փոխակերպման շատ դինամիկ վիճակում է, և սա բավարար հիմք չէ եզրակացություն անելու համար: Միևնույն ժամանակ, տնտեսությունը քաղաքականությունից ավելի շատ կազդի կայունության հաստատման և զարգացման վրա, և լուրջ մտահոգություն կա, որ մի շարք հիմնախնդիրներ կմնան չլուծված: Օրինակ՝ բիզնեսը և քաղաքականությունը, քաղաքական տկարությունը, ինչպես դրա հիմքում ընկած տնտեսական ճգնաժամը: Եվ չնայած բարի ցանկություններին, գեղեցիկ խոսքերին և վարչապետ Կարեն Կարապետյանի չափազանցված խոստումներին՝ ես շատ ավելի թերահավատ եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում