Իտալացի ձեռնարկատերեր Վինչենցո և Ջակոմո Բարբատոները, ովքեր 2012 թվականին գրանցել էին Steve Jobs ապրանքանիշը, ստացել են դրա օգտագործման բոլոր անհրաժեշտ իրավական փաստաթղթերը, հայտնում է HighSnobiety պարբերականը։
ԵՄ մտավոր սեփականության հարցերով գերատեսչությունը դեռևս 2014 թվականին ճանաչել էր գրանցման օրինականությունը, սակայն դատական քաշքշուկները Apple-ի հետ շարունակվել են ևս 3 տարի։ Եղբայրները նշել են, որ իրենք որոշել էին գրանցել բրենդը՝ ի նշան մեծն գործարարի հանդեպ հարգանքի։
Apple-ի փաստաբանները փորձել են հիմնավորել իրենց դիրքորոշումն այն բանով, որ ընկերության տարբերանշանը նման է Apple-ի տարբերանշանին, սակայն դատարանը չի համաձայնել փաստարկի հետ՝ նշելով, որ J տառն ամենևին նման չէ խնձորի։
Ներկայում Steve Jobs բրենդի ներքո թողարկվում են ջինսեր, մարզաշապիկներ և հագուստի այլ տարրեր, սակայն հետագայում հնարավոր է նաև էլեկտրոնիկայի արտադրություն։ Ինչպես պարզաբանել են ձեռնարկատերերը, իրենք բրենդը ստեղծել են առաջին հերթին էլեկտրոնային սարքեր, այդ թվում Android օպերացիոն համակարգով սմարթֆոններ թողարկելու համար։