Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանն առաջարկել է պարզեցնել վիզային ռեժիմը Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար։ Այս մասին նա հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է Պակիստանում՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցերին նվիրված տարածաշրջանային համաժողովի շրջանակում։
«Մենք կցանկանայինք հանդես գալ մեր պետությունների քաղաքացիների համար վիզային ռեժիմը պարզեցնելու խնդրանքով»,-Քահրամանի խոսքերն է մեջբերում TASS գործակալությունը։
Նա նշել է, որ վերջին տարում զբոսաշրջության ոլորտում ակտիվություն է նկատվել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանից զբոսաշրջային հոսքը գերազանցել է 4 մլն մարդը։
«2019 թվականն անվանված է երկկողմ հարաբերություններում մշակույթի և զբոսաշրջության տարի»,-հիշեցրել է Քահրամանը՝ հույս հայտնելով, որ այդ փաստը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։