Վիեննայում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, թե տրանսնացիոնալ կորպորացիաների համար կոռուպցիան և ներդրումային միջավայրը ոչ այնքան վտանգավոր երևույթներ են: Դրանց համար ավելի կարևոր է պետության ապագայի քաղաքական կանխատեսելիությունը: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ներդրումային միջավայրն առաջին հերթին անհրաժեշտ է մեր տնտեսվարող սուբյեկտներին և միջին ու մանր բիզնեսին:
«Որովհետև առանց փոքր ու միջին գործարարության զարգացման չի կարող լինել միջին խավ, իսկ առանց վերջինիս զարգացման՝ քաղաքացիական հասարակություն: Դրա համար, եթե մենք ուզում ենք հիմնարար փոփոխություններ տեսնել մեր երկրներում, ներդրումային բարենպաստ իրավիճակ, որ ինստիտուտներն աշխատեն, անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական հասարակություն: Եվ ստացվում է, որ քաղաքացիական հասարակության ստեղծման ճանապարհին հենց փոքր ու միջին բիզնեսի զարգացման խթանմամբ է հնարավոր հասնել նրան, որ կոռուպցիայի դեմ պայքարի ներուժ լինի», – նշել է ՀՀ վարչապետը:
Վարչապետ Սարգսյանի դիտարկմամբ՝ կոռուպցիայի դեմ առաջին դեղամիջոցը կառուցվածքային բարեփոխումներն են: Անհրաժեշտ է, որ իշխանության մոտ լինի կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք: «Որտեղի՞ց է առաջանում այդ քաղաքական կամքը: Վերջինս ի հայտ է գալիս, երբ համոզմունք կա այն ծրագրերի ճշմարտության մեջ, որոնք իրականացնում ես: Եթե իշխանության գլուխ կանգնածների մոտ կա այդ համոզմունքը, որ դա լավ է երկրի, ժողովրդի ապագայի համար, ապա իշխանություններն իրականացնում են այդ բարեփոխումները»,- ասել է Տիգրան Սարգսյանը: