«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ վերջին շրջանում Հայաստանում զենքով իշխանափոխություն իրականացնելու տարբեր խմբերի ծրագրերին։
Ազգային անվտանգության ծառայությունը, հիշեցնենք, հաղորդագրություն է տարածել Հայաստանում ծրագրվող ահաբեկչություն բացահայտելու մասին, որի նախապատրաստման, իրականացման նպատակով հանցավոր խումբ հավաքագրելու համար մեղադրվում է ԱՄՆ քաղաքացի, հայազգի Ռ.Ք-ն: ԱԱԾ-ն նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում, ինչպես նաև նշել, որ միջոցներ է ձեռնարկում հանցակիցներին հայտնաբերելու համար:
Մեր այն հարցին, թե դեռ որքա՞ն Հայաստանը կարող է դիմանալ նման իրավիճակին, և արդյո՞ք մտահոգիչ չէ անընդհատ նման իրավիճակում ապրելը, Մանուչարյանն արձագանքեց. «Հաջորդ գործողությունը կարող է ոչ թե որոշում լինել զենքով պայքարի դիմելու, այլ զինված կոնկրետ գործողություն։ Երբ քո ԱԱԾ-ն զբաղված է անհեթեթություններով, մենք վաղը, մյուս օրը կստանանք իրական գործողություն։ Խնդիրը մեկն է՝ հասկանալ ու իրար մեջ խոսել, չասել՝ իմ գործը չէ, ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել»,- ասաց մեր զրուցակիցը։
Աշոտ Մանուչարյանը նշում է՝ ստեղծված իրավիճակը հիշեցնում է փոքրիկների պատմություն. «Այծ մայրիկը գնում է, ուլիկներին թողնում, ասում՝ զանգը կտաս, երբ գայլը գա։ Մի անգամ է զնգացնում, երկրորդ անգամ, իսկ երբ իրականում գայլը գալիս է՝ մայրը չի հավատում, մտածում է՝ նորից խաղ է անում։ Հիմա մեզ մոտ այնպիսի իրավիճակ է՝ դատարկ բաները նույնացնում են ահաբեկչությանը, մինչդեռ դա անհեթեթություն է։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ահաբեկչությունն իրական գործիք է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։