Նոյեմբերի 21-ին «Հոդված 3» ակումբում կայացավ հանրային քննարկում` «Տարկետման իրավունք, կրթության և գիտության զարգացման վրա ազդեցության խնդիրները» թեմայով: ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրայր Ազիզբեկյանի խոսքով, ռազմականն ու պաշտպանականը չպետք է խառնել իրար:
Նա նշեց, որ չպետք է մոռանալ, որ պարտադիր զինվորական ծառայությունը ենթադրում է նաև կրթական բաղադրիչ: Գիտաշխատողի խոսքով, եթե շատերը խուսափում են բանակից, նշանակում է խնդիր կա: «Նոր օրենքով, մարդկանց ստիպում են վտանգավոր պայմաններում ավելի ծառայել, ու դա ձեռք է տալիս որոշ չինովնիկների»,-ասում է նա:
«Հանուն գիտության զարգացման» 2004թ.-ի նախաձեռնության անդամ Միքայել Հովհաննիսյանի ձևակերպմամբ, նոր օրենքով կոռուպցիոն ռիսկն ընդամենը մի տիրույթից մեկ այլ տիրույթ է տեղափոխվում. «Աբսուրդ է, որ սոցիալական արդարության հարցի լուծումը սկսում են պարտադիր զինվորական ծառայությունից և ոչ թե մենաշնորհների վերացումից և ասենք՝ ընտրական գործընթացների ձեւախեղումներից: Այս օրենքն էլ օգտագործվելու է իրենց շահերի համար, իրենց երեխաներին բանակից ազատելու համար»: