Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Վանաձորի ավագանու նիստերին և Սահմանադրական դատարանի որոշմանը: Նա ասաց, որ Վանաձորում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ: ՍԴ-ն արձանագրեց Վանաձորի ավագանու դե յուրե մահը և այն, ինչ տեղի է ունենում հուշագրի տեսքով՝ դե յուրե դիակին վերակենդանացնելու փորձ է, ինչը չի նշանակում, որ դիակը պետք է սկսի կենդանանալ: Լրագրողների դիտարկմանը, որ հիմա արդեն համաձայնագիրը կա, կարող են ասել, որ ունենք մեծամասնություն, ի՞նչ եք պատրաստվում անել դրանից հետո՝ Փաշինյանը պատասխանեց. «Եթե բանը հասնի ասելուն, շատ բան կարող են ասել: Կարող են ասել՝ ինչու սպանեցին արքայազն Համլետին: ՍԴ որոշումը վերաբերում էր հակասահմանադրական ճանաչված օրենքի դրույթը փոխելու ժամկետին: Դա չի նշանակում, որ դրույթը հակասահմանադրական չէ: ՍԴ-ն իր որոշմամբ չեղյալ է արել Վանաձորի ավագանու բոլոր որոշումները, որ նրանք կայացրել են, արձանագրել է, որ ավագանին գոյություն չունի»: