Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն Իրան այցի ժամանակ կրկին հայտարարել է, որ Թեհրանն իրագործում է միջուկային ծրագրի կրճատման իր պարտավորությունները՝ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շրջանակում։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Թեհրանում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպումից հետո մամլո ասուլիսում Ամանոյի հնչեցրած հայտարարությանը։
Ամանոն ընդգծել է համաձայնագրի բոլոր մասնակիցների կողմից պարտավորությունները լիարժեքորեն կատարելու անհրաժեշտությունը։
Ինչպես սպասվում է, Իրան այցի ընթացքում Ամանոն բանակցություններ կանցկացնի նաև երկրի նախագահ Հասան Ռուհանիի և արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ։