Վրաստանի կառավարությունը ստեղծում է աբխազերենի պաշտպանության ու զարգացման պետական ծրագիր։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կառավարության այսօրվա նիստում, փոխանցում է «Գռուզիա Օնլայնը»։
Վարչապետը շնորհավորել է աբխազներին՝ աբխազերենի օրվա առիթով, որը նշվում է հոկտեմբերի 27-ին։
«Ցանկանում եմ ծանոթացնել Ձեզ նախաձեռնության հետ։ Մենք ստեղծում ենք աբխազերենի պաշտպանության և զարգացման պետական ծրագիր։ Կարծում ենք, որ այդ ծրագիրը կլինի շատ կարևոր հիմք՝ վստահության վերականգնման գործընթացում։ Կտրամադրվի համապատասխան բյուջե, և ես վստահ եմ, որ հանրությունն ակտիվորեն կմիանա այդ ծրագրի իրագործմանը։ Հավատում եմ, որ աբխազական լեզվի և մշակույթի հանդեպ մեր անկեղծ և խորը վերաբերմունքը շատ կարևոր կլինի այն այրված կամուրջների վերականգնման գործընթացում, որոնք անհրաժեշտ են մեր միասնության համար»,-հայտարարել է Կվիրիկաշվիլին։