Իսպանիայի նախարարների խորհուրդը հոկտեմբերի 21-ին արտակագ նիստ կգումարի՝ սկսելու համար Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը, որը Կատալոնիայի իշխանություններին կզրկի լիազորություններից, հայտնում է El País թերթը: Նիստում միջոցներ կձեռնարկվեն հարցը Սենատի քննարկմանը փոխանցելու համար, «իսպանացիների, այդ թվում՝ Կատալոնիայի բնակիչների շահերը պաշտպանելու և ինքնավար համայնքում սահմանադրական կարգը վերականգնելու համար»:
Այսօր սպառվել է ժամկետը, որի ընթացքում Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլես Պուչդեմոնը պետք է հստակ պատասխաներ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հարցին՝ արդյոք հռչակվել է ինքնավար շրջանի անկախությունը: Իր պատասխանում Պուչդեմոնը հայտարարել է, որ Իսպանիայից Կատալոնիայի անկախացման մասին հայտարարության դադարեցումն «ուժի մեջ է մնում» և հավելել է, որ Կատալոնիայի խորհրդարանն անկախության հարցով կքվեարկի, եթե Իսպանիայի կառավարությունը շարունակի հրաժարվել երկխոսությունից և ճնշում գործադրել շրջանային իշխանությունների վրա: