Արդյո՞ք պատահականություն է, որ ԱԺ-ում ահաբեկչություն իրականացրած Նաիրի Հունանյանի հանցախմբի բոլոր անդամները ՀՅԴ նախկին անդամներ են: Թերևս` ոչ: Հասարակության մի հատվածն էլ մեղավոր չէ, որ Հոկտեմբերի 27-ը կապում է ավանդական կուսակցության անվան հետ, որովհետև Նաիրի Հունանյանը հայրենադավ կրակոցներից անմիջապես հետո օգնության խնդրանքով որոշել էր դիմել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին` թերևս համարելով, որ կուսակցական ծրագրի մինիմումն արված է` Վազգեն Սարգսյանը սպանված է:
Դեռ ոչ հեռավոր 1995-ին ՀՅԴ-ն Վազգեն Սարգսյանին սպանելու մտադրություն է ունեցել: Սա արդեն ոչ թե հղում է ոճրագործի խոսքին կամ ենթադրություն է, այլ փաստ, որը բխեցվում է, այսպես կոչված, «31»-ի գործից: Առհասարակ, տեղին է անել մի քանի ուշագրավ դիտարկում` բացահայտելու համար ՀՅԴ գործունեության որոշ հանգամանքներ Երրորդ հանրապետության պատմության տարիներին: «Դրո»-ի, «31»-ի, ՊՊԾ գնդի իրադարձությունների անմիջական մասնակիցները նախկին և ներկա դաշնակցականներ են և սրա պատճառը պետք է փնտրել այս կուսակցության գաղափարա-քաղաքական ակունքներում, «մաուզերիստական» մտածողության խորքերում: Տասնյակ տարիներ դաշնակցական սերունդներ, զենքի վրա երդվելով, դաստիարակվել են «Ստամբուլն արյան ծովի վերածելու» ցնորամատությամբ: Կուտակված բացասական էներգիան պետք է ունենար իր դրսևորումը` եթե ոչ Ստամբուլում, ապա Երևանի կենտրոնում, խորհրդարանի շենքում, որտեղ սպանվեց իրական հաղթանակի խորհրդանիշ Սպարապետը` ճանապարհ բացելով ՀՅԴ-ի «արշավանքի» համար, սակայն` ոչ թե Էրգիր, այլ Ռոբերտ Քոչարյանի իշխանություն: Վերջինս, ի դեպ, իր պարտկոմա-դաշնակցական բովանդակությամբ, իսկական մարտահրավեր էր 88-ի շարժմանը, նրա արժեհամակարգին, Երրորդ հանրապետությանը: Հետագա զարգացումները հուշում են, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը համագործակցության կամուրջ, խաչմերուկ է ռուսական կայսրության, Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի միջև: Պատահական չէ, որ այսօր ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, նույնիսկ հայկական բանակի հերոսությունն Ապրիլյան պատերազմում, վերագրում է ռուսական զենքին, իսկ «31»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված նախկին դաշնակցական Արմենակ Մնջոյանը բանտից ակնարկում է, որ ՀՅԴ այսօրվա վերնախավը հավաքագրված է ռուսական հատուկ ծառայությունների կողմից:
Մի ուշագրավ փաստ նույնպես, կարծում ենք, առնվազն խորհելու առիթ կտա մեր ընթերցողներին: Հայաստանում ահաբեկչական ակտեր եղել են 1990-94թթ-ին և ահաբեկչական «բումը» վերականգնվել է 1998-ից հետո: Կարող եք հետևել ժամանակագրությանը և համոզվել, իսկ մենք բավարարվենք հիշեցումով, որ կայունության քառամյակում` 1994-98թթ-ին ՀՅԴ գործունեությունը կասեցված է եղել: Հետևությունները թողնում ենք ընթերցողներին: