Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը դարձել է Forbes-ի վարկածով ամենից բարձր վարձատրվող հայտնի անձը Եվրոպայում։ Պարբերականի տվյալներով՝ հրաշագործ Հարի Փոթերի մասին վիպաշարի հեղինակը վերջին 12 ամիսներին աշխատել է ավելի քան 95 մլն դոլար։ Հիմնական եկամուտն այս տարի նրան բերել է «Հարի Փոթերը և անիծյալ երեխան» պիեսը։
Այդպիսով՝ Ռոուլինգն առաջ է անցել նույնիսկ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուից, ում եկամուտը վերջին տարում կազմել է 93 մլն դոլար։ Հիմնական եկամուտը խաղացողին բերել են բազմաթիվ գովազդային պայմանագրերը, ինչպես նաև համաձայնագիրն ակումբի հետ։
Երրորդ տեղը բաժին է ընկել Coldplay բրիտանական խմբին, որն աշխատել է 88 մլն դոլար։ Չորրորդ հորիզոնականում Ադելն է՝ 69 մլն դոլար եկամտով։
Եվրոպացի հայտնիների աշխատած ընդհանուր գումարը վերջին տարում կազմել է 1.06 մլրդ դոլար։ 20 աստղերից 12-ը ներկայացնում են Մեծ Բրիտանիան։