ՀՀ կրթության և գիտության նախարարությունը այս տարի վերակազմավորելու է 13 դպրոց: Օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
«Այդ դպրոցները միավորվելու այլ 13 դպրոցի: Այս խոշորացումը կապված է կրթության որակի բարձրացման հետ, մասնավորապես` մեր աշակերտների որակյալ կրթություն ստանալու իրավունքի հետ: Այն դպրոցները, որտեղ տեղափոխվելու են մեր աշակերտները, ունեն շատ լավ շենքային պայմաններ, նյութատեխնիկական բազա, լաբորատոր պայմաններ»,- ընդգծեց Արշակյանը:
Նրա խոսքով` ներկայումս աշխատանքներ են տարվում ուսուցիչների տեղավորման հետ կապված:
«Միավորման գործընթացը սկսվելու է աշնանային արձակուրդների ժամանակ` հոկտեմբերին: Հիմնականում դրանք քաղաքային դպրոցներ են: Երկու ամիս առաջ բոլոր տնօրենները գրավոր ծանուցվել են, ինչպես նաև նրանց հրահանգվել է տեղեկացնել ուսուցիչներին»,- եզրափակեց Արշակյանը: