ՌԴ-ում վթարի գործով դատապարտված եւ վերջերս Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանն այսօր՝ օգոստոսի 18-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր է ճանաչում միայն ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մեջ:
Դատարանում այս պահին քննվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության միջնորդությունը՝ Հարությունյանի գործի վերաբերյալ Ռուսաստանի վճիռը ճանաչելու վերաբերյալ:
«Ես կանոններն եմ խախտել, մնացածի մեջ ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- դատարանում ասաց Հրաչյա Հարությունյանը:
Հարցին, արդյոք ռուսաստանյան բանտում իրեն ճնշե՞լ եւ խոշտանգել են, Հարությունյանը պատասխանեց՝ ոչ:
Ճշտող հարցին, թե ինչու են իրեն պարբերաբար պատժախուց տեղափոխել, Հարությունյանն ասաց, որ ոչ թե պարբերաբար, այլ իր պատիժը կրել է պատժախցում: