Գերմանիայի և Ավստրիայի սահմանին բեռնատար գնացքի ներքևի մասում աֆրիկացի ներգաղթյալների խումբ է հայտնաբերվել: Ներգաղթյալները Նիգերիայից, Սոմալիից, Կոտ դ’Իվուարից Իսպանիայի Վալենսիա քաղաքից գնացքով հասել են Գերմանիա: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Բավարական Ռաուբլինգում ոստիկանները 7 մեծահասակի և 5 դեռահասի են հայտնաբերել Վալենսիայից Մյունխեն ուղևորվող գնացքի ներքևի հատվածում:
Նշվում է, որ 150 կմ/ժամ արագությամբ ընթացող գնացքից կառչած միգրանտները վատ վիճակում են եղել: Փրկարարները տաք վերմակներ են տրամադրել նրանց:
«Նրանք շատ մրսած են, դողում են և ֆիզիկապես վատ վիճակում: Մենք արդեն շտապօգնություն ենք կանչել, քանի որ նրանցից մի քանիսը հիպոթերմիայի (թերջերմության) նշաններ ունեն»,- ասել է ոստիկանը: Ըստ նրա՝ միգրանտներին պետք է հոսպիտալացնել: