ԱԻՄ-ը բարոյահոգեբանական տեսանկյունից աջակցում է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու առաջարկը: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց.«Հենց առաջին օրվանից, երբ Սերժ Սարգսյանը հանկարծ անակնկալ նաև իր կուսակիցների համար հայտարարեց, որ կողմնորոշվել է դեպի ԵԱՏՄ, այն ժամանակ Մաքսային Միություն, մենք սկզբում մեղմ, հետո բուռն ցույցերով, հետո եվրոպական դրոշներով մեր վերաբերմունքը ցույց տվեցինք»:
Նա նշեց, որ ողջունում է Հայաստանի՝ քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերությունները խորացնելու ձգտումը, ցանկությունը, նպատակը.«Էդմոն Մարուքյանը կլինի, թե մեկ ուրիշը, նրանք անում են այն, ինչի համար ժամանակին ստեղծվել է ԱԻՄ-ը, ինչին ծառայել է ԱԻՄ-ը, և բոլոր նրանց, ովքեր թեկուզ ուշացումով, բայց այդ ճանապարհին կկանգնեն, վստահորեն կարող են ապավինել մեր աջակակցությանը»,-ասաց Պարույր Հայրիկյանը:
Անդրադառնալով Պետդումայի որոշմանը և Վոլոդինի հայտարարությանը, թե որքանով է սա կապված Հայաստանի՝ ԵՄ փաստաթղթի ստորագրումը կասեցնելուն Պարույր Հայրիկյանը նշեց.«Չորս տարի առաջ Հայաստանում տրամադրված էին, որ բոլոր բանակցություններն ավարտված են և Հայաստանը պետք է ստորագրի: Հիմա Ռուսաստանում շատ լավ գիտեն, որ այդ ամենը կարող են փոքր սպառնալիքով կամ մեծ սպառնալիքով միանգամից անէացնել: Նրանք այդ փորձը, նախադեպը ունեն: Այնպես որ մինչև այդ ստորագրությունը չվավերացվի խորհրդարանում, ինձ համար անբնական է լսել, որ այսօրվա իշխանությունը պատրաստ է անել Հայաստանի օգտին Ռուսաստանի ցանկությունների դեմ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում