Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, պատասխանելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցերին, նկատեց, որ Հայաստանին, իհարկե, ձեռնտու է նավթի գների անկումը, թեև դրա պատճառով ՌԴ-ից եկող տրանսֆերտները քչանում են, քանի որ նավթի գներով է պայմանավորված ռուսական տնտեսության աճը:
«Քանի որ մեր տրանսֆերտների 80 տոկոսը Ռուսաստանից է գալիս, նավթի գներն ազդում են իրենց տնտեսության վրա, և էնտեղից տրանսֆերտները մեզ մոտ անուղղակիորեն կրճատվում են: Սակայն մեր տնտեսական աճը պետք է լինի ոչ թե տրանսֆերտներով ուղղորդված, այլ մեր արտադրողականությամբ»,- ասաց նախարարը:
«ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2016 թվականին անկում է ապրել, և այնտեղից շուրջ 12 մրդ մենք պակաս ենք ստացել, մոտ 7-8 մլրդ էլ մենք ունենք կառուցվածքի փոփոխության արդյունքում ավելի ցածր հավաքագրումներ: Եվ այս 100 միլիարդն ամբողջությամբ սրանցով է բացատրվում»,- ասաց նախարարը՝ անդրադառնալով հարկեր-ՀՆԱ ցուցանիշին: