Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմինը հունիսի 15-ին հաստատել է 2017-2018 տարեշրջանի բյուջեն, որի մեջ ներառված է Հայ-ամերիկյան թանգարանին 3 մլն դոլարի հատկացումը։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։
Նոր հատկացումը թանգարանի ընդհանուր ֆինանսավորումը կհասցնի 4 մլն դոլարի՝ ի հավելում ավելի վաղ հատկացված 1 մլն դոլարի դրամաշնորհին։
«Մենք հպարտ ենք Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի աջակցությամբ, մեզ աջակցելու հանձնառությամբ և գործակցության ոգով, որոնց շնորհիվ կարելի կլինի Հայ-ամերիկյան թանգարանը վերածել մշակութային և կրթական պատմական կենտրոնի, որով հպարտ պիտի լինի յուրաքանչյուր կալիֆորնիացի»,-ասել է թանգարանը կառավարող Խնամակալ մարմինի անդամ Հովնան արք. Տերտերյանը։
Օրենսդիր մարմնի կողմից հաստատված բյուջեն կփոխանցվի նահանգապետի գրասենյակին՝ հաստատող ստորագրության համար։
Հայ-ամերիկյան թանգարանը կշարունակի սերտորեն աշխատել Գլենդելի պաշտոնատարների հետ՝ այդ ծրագրի մշակումը վերջնական վիճակի հասցնելու համար։