«Դեսպան Սվիտալսկու հայտարարությունը պետք չէ դիտարկել որպես կոշտ գնահատական, դա ընդամենը փաստի արձանագրում է։ Ակնհայտ է, որ Հայաստանի շուկայում կոռուպցիան մեծ չափերի է հասել, և ուրեմն արտասահմանյան ներդրումներ պետք չէ ակնկալել։ Մենք դա գիտենք: Նա, ով մենաշնորհել է շուկան, նա էլ գիտի, և գոհ են այս վիճակից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու այն հայտարարությանը, թե Եվրամիությունը Հայաստանում ներդրումներ չի անի, մինչև կոռուպցիայի դեմ իրական պայքար չլինի՝ ասաց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը հայտարարություններից զատ՝ պետք է նաև կոշտ գործողություններ իրականացնի, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ լինի. «Եթե չլինեն շատ լուրջ նախապայմաններ ու լուրջ գործողություններ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից, ապա Հայաստանի իշխանություններն այդ կամքը չեն դրսևորի»։