ԱՄՆ-ին անհրաժեշտ է զսպվածություն դրսևորել Հյուսիսային Կորեայի հարցում, քանի որ այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինն ուզում է աշխարհի վերջը տալ: CNN Philippines հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն՝ անհանգստություն հայտնելով Հարավարևելյան Ասիայի ճակատագրի հարցում՝ Կորեական թերակղզում պատերազմի դեպքում:
«Ավելի լավ կլիներ՝ ԱՄՆ-ը մի քիչ զսպվածություն դրսևորեր»,- հայտարարել է Դուտերտեն Ֆիլիպիններում անցկացվող ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի արդյունքներով՝ նշելով, որ սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազանգին:
«Այդ տղան (Կիմ Չեն Ինը) պարզապես ուզում է աշխարհի վերջը տալ, հենց այդ պատճառով նա երջանիկ է, նա միշտ ժպտում է: Սակայն նա իսկապես ուզում է ամեն ինչին վերջ դնել»,- հայտարարել է Դուտերտեն:
Շաբաթ վաղ առավոտյան Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել։ Ինչպես հայտնել են հարավկորեացի զինվորականները՝ հրթիռն արձակվել է Փյոնան-Նամդո նահանգի զորակայանից, որը սահմանակից է մայրաքաղաք Փխենյանին, և անմիջապես պայթել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրթիռի արձակմանն արձագանքել է Twitter-ում գրառում կատարելով. «Հյուսիսային Կորեան անարգանք է դրսևորել Չինաստանի և նրա հարգարժան նախագահ Սի Ցզինպինի ցանկություննրի հանդեպ, երբ այսօր արձակել է հրթիռ, թեկուզև անհաջող»։