Մաշտոցի պողոտայում հենց այս պահին՝ կեսգիշերին տեղի են ունենում ասֆալտապատման, վերանորոգման աշխատանքներ: Նախորդ մի քանի օրերին քաղաքապետարանը նախապատրաստել էր պողոտան՝ քանդված հատվածներից հեռացրել էր ասֆալտը, որպեսզի նոր ասֆալտապատում իրականացներ:
Ի դեպ, երեկ «Ելք» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նկարահանել և ցույց էր տալիս պողոտայի քանդված հատվածներն ու պատմում էր, թե դա ինչ անհարմարություններ է պատճառում մեր քաղաքացիներին:
«Սա գյուղի փողոց չէ, սա Մաշտոցի պողոտան է, որը քանդված է արդեն 5-6 օր»,- տեսանյութում ասում էր նա՝ խոստանալով հաջորդ օրն իսկ վերադառնալ այդտեղ՝ տեսնելու, թե ինչ վիճակ է տիրում:
Երևանի քաղաքապետարանը, փաստորեն, Ն. Փաշինյանի հետքերով գնալով, շատ արագ ասֆալտապատում է կազմակերպել: Չի բացառվում, սակայն, որ նախապես էլ մտադիր է եղել հենց այս գիշեր ասֆալտապատել պողոտան: