Ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Վալերիանը և հազար մոլորակների քաղաքը» կինոնկարը ռեկորդ է սահմանել՝ ամենաթանկ ժապավենը դառնալով Ֆրանսիայի կինեմատոգրաֆի պատմության մեջ՝ տեղեկացնում է Cineuropa-ն:
Ֆիլմի բյուջեն կազմել Է 197 մլն եվրո: Ավելի վաղ ամենաթանկ կինոնկարը համարվում էր 2008 թվականի «Աստերիքսը Օլիմպիական խաղերում» ֆիլմը՝ 78 մլն եվրո բյուջեով:
Նշվում է, որ «Վալերիանը և հազար մոլորակների քաղաքը» ֆիլմը բացառապես ֆրանսիական արտադրության է, թեև ժապավենի բնօրինակի լեզուն անգլերենն է:
Կինոնկարը, որում գլխավոր դերերը խաղացել են Կարա Դելևինը և Դեյն ԴեՀաանը, պատմում է տիեզերական հատուկ գործակալների արկածների մասին, որոնք դարձել են միջգալակտիկական դավադրության ակամա մասնակիցները:
Ֆիլմում նաև նկարահանվել են երգչուհի Ռիհաննան, Քլայվ Օուենը, Իթան Հոուքը և Ռութգեր Հաուերը:
«Վալերիանը և հազար մոլորակների քաղաքը» կինոնկարի համաշխարհային պրեմիերան նշանակված է հուլիսի 20-ին: Մարտին թողարկվել է ժապավենի թրեյլերը: