Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության կազմած ցուցակի վերաբերյալ, որում տեղ գտած երկրներից ու միջազգային օդանավակայաններից ԱՄՆ թռչող ուղևորներն իրենց մոտ եղած էլեկտրոնային սարքերը կարող են տեղափոխել միայն ինքնաթիռի՝ բեռների համար նախատեսված հատվածում՝ հայտնում է թուրքական hurriyet պարբերականը:
«Այս որոշումը մեր տեսանկյունից իրավացի չէ, իմ կարծիքով՝ ԱՄՆ տեսանկյունից ևս ճիշտ քայլ չէ: Քանի որ ոչ ոք իր հաճույքի համար չի գալիս Թուրքիա կամ էլ հակառակը: Շրջագայությունը կատարվում է երկու երկրների միջև առևտրատնտեսական և մյուս կապերը զարգացնելու նպատակով»,- ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը:
«Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը պետք չէ դասել մյուս օդանավակայանների շարքին, այն տարեկան սպասարկում է ավելի քան 80 մլն ուղևորի, և մենք պահպանում ենք անվտանգության համար անհրաժեշտ քայլերը»,-հավելել է նա: