Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների նորմալացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը չպետք է դիտարկել որպես գործընթաց, որը կարող է վնասել այլ պետություններին։ Ռուսաստանը գաղտնի օրակարգ չունի։ Մենք չենք կառուցում քաղաքական կամ տնտեսական դաշինքներ, որոնք ուղղված կլինեն երրորդ երկրների դեմ և որոնք կոտնահարեն ինչ-որ մեկի շահերը»,-ասել է նա Regional Post-Caucasus պարբերականի հետ հարցազրույցում։
«Համոզված ենք, որ ռուս-թուրքական կապերի դուրսբերումը բազմամսյա ճգնաժամից կբարձրացնի վստահությունն ու փոխըմբռնումը տարածաշրջանում։ Ակնկալում ենք, որ Անկարայի հետ երկկողմ համագործակցության վերականգնումը կնպաստի Անդրկովկասում խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը»,-նշել է Լավրովը։