ՌԴ-ն բավականին խանդոտ է, և ՀՀ-ԵՄ ցանկացած հարաբերություն ընդունում է որպես իր դեմ քայլ: Այսօր հրավիրված ասուլիս-քննարկմանը այս կարծիքը հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես ցանկացել է պահպանել հարաբերությունները ԵՄ-ի հետ, բայց այնպես, որ ԵՏՄ-ն չխանդի։
Ըստ նրա՝ շրջանակային համաձայնագրից հանվել է խոր և համապարփակ առևտրի գոտու ստեղծման մասին դրույթը, ինչը, ըստ Իգիթյանի, պետք է ապահովեր Հայաստանի տնտեսական զարգացումը. «Իսկ հիմա մենք պարզապես Եվրամիության հետ ձեռք ենք բերել գործընկերության համաձայնություն»։
Քննարկմանը ներկա տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը նշեց, որ Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի առկայությունը նշանակում է, որ Եվրամիությունը չի հրաժարվել Հայաստանից:
Նրա կարծիքով՝ նոր փաստաթուղթը շատ մոտ է ասոցացման համաձայնագրի բովանդակությանը։ Եղիազարյանը նշեց, որ ԵՏՄ շրջանակներում նախատեսվում է ամռանը մաքսային օրենսգրքի ընդունում, որը եթե Հայաստանը ստորագրի, ապա դա կլինի ինքնասպանություն. «Դա նաև ենթադրում է Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ հակասություններ, իսկ ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումը կամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում: