RIA Novosti-ի փոխանցմամբ` Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի երեք անդամների նկատմամբ` կապված այն բանի հետ, որ նրանք այցելել են Լեռնային Ղարաբաղ սահմանադրական հանրաքվեն վերահսկելու համար: Այդ մասին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունում:
«Ադրբեջանը հայտարարել է միջազգային հետախուզում Եվրախորհրդարանի անդամներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) և Յարմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ Լեռնային Ղարաբաղում «հանրաքվեն» վերահսկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մամլո ծառայության տվյալներով` ԵԽ անդամների նկատմամբ հարուցվել է քրեական գործ «բազմիցս անօրինական կերպով Ադրբեջանի օկուպացված տարածքներ այցելելու համար, մասնավորապես Լեռնային Ղարաբաղ անօրինական այցի կասկածանքով այսպես կոչված փետրվարի 20-ի «հանրաքվեին» որպես «դիտորդ» մասնակցելու նպատակով»:
Ինչպես նշվում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունում՝ դատարանը Էնգելի, Թեոխարուսի և Շտետինի ձերբակալության որոշում է ընդունել, նրանց նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում Ինտերպոլի միջոցով: