Թուրքիայի ժողովուրդը պետք է կառավարման սանձերը փոխանցի միայն հայրենասերներին, որոնք ունեն հստակ ծրագիր և նախագծեր, ուրբաթ օրը ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ելույթ ունենալով Կահրամանմարաշ շրջանում նոր օբյեկտի բացման ժամանակ, հայտնում է Anadolu գործակալությունը:
Էրդողանը նշել է Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների ապրիլի 16-ին նշանակված հանրաքվեի նշանակությունը: Նա ասել է, որ նախագահական համակարգի անցման սահմանադրական փոփոխությունները անհրաժեշտ են երկրի համար:
«Այսուհետև Թուրքիայի ժողովուրդը պետության կառավարման սանձերը կտա միայն հայրենասերների, որոնք ունեն հստակ ծրագիր և նախագծեր: Ուժերը, որոնք օգտագործում են խորհրդարանում քաղաքական ուժերի բալանսը երկրին վնասելու նպատակով, կբացառվեն երկրի կառավարման նոր համակարգից»,- ասել է նախագահը:
«Սահմանադրությունում փոփոխությունը` կապված նախագահական կառավարման անցնելու հետ, չի հանդիսանում իմ անձնական նախագիծը, այլ բարեփոխում, որի օգտին ես հանդես եմ եկել դեռևս քաղաքապետ եղած ժամանակ: Ես կողմնակից եմ այդ փոփոխություններին, քանի որ հավատացել եմ, որ տվյալ քայլը օգուտ կբերի պետությանը և ժողովրդին»,- նշել է երկրի նախագահը:
Էրդողանը նշել է, որ նախագահական կառավարման ձևի հակառակորդները իրականում հանդես են գալիս ոչ թե Թուրքիայի նախագահի, այլ ժողովրդի դեմ: