Լիտվան նախատեսում է երկու մետրանոց ցանկապատ կառուցել Կալինինգրադի երկրամասի հետ։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալության ռուսական ծառայությունը, այս մասին հայտարարել է Լիտվայի ՆԳ նախարարը։
Էյմուտիս Միսյունասը խոստովանել է, որ նման կառույցը չի դառնա վստահելի պաշտպանություն լայնամասշտաբ հարձակման դեպքում, սակայն նշել է, որ այդ քայլն ընդգծում է Ռուսաստանի աճող ագրեսիվության առնչությամբ լիտվացիների մտահոգությունը:
«Գնահատելով աշխարհաքաղաքական սպառնալիքները, ռուսական աշխարհաքաղաքական սպառնալիքները, լիտվացի քաղաքական գործիչները ցանկություն են հայտնել նման երկրի հետ ֆիզիկական պատնեշ ստեղծել»,-ասել է նախարարը և հավելել, որ այդ ցանկապատը չի կանգնեցնի տանկեր կամ ռազմական այլ տեխնիկա, սակայան կդժվարեցնի սահմանի անօրինական հատումը։
Ցանկապատը, որի կառուցումը կարժենա 3,6 միլիոն եվրո, կկառուցվի 2017 թվականին և կունենա մոտ 50 կիլոմետր երկարություն՝ բացի արդեն լճերի, գետերի և ճահիճների կողմից փակ հատվածներից: