Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հրաժարվել է թուրք զինվորականներին ներգրավել Մոսուլ քաղաքը ԴԱԻՇ-ից ազատագրելու գործողությանը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Ես գիտեմ, որ թուրքերն ուզում են մասնակցել, բայց մենք նրանց ասում ենք «շնորհակալություն, իրաքցիները գլուխ կհանեն և կազատագրեն Մոսուլն ու մնացած տարածքները»»,- հայտարարել է ալ-Աբադին Բաղդադում Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերի հետ հանդիպումից հետո:
Քարթերը Բաղդադ է ժամանել շաբաթ օրը:
Ալ-Աբադին նշել է, որ անհրաժեշտության դեպքում Իրաքն օգնություն կխնդրի «Թուրքիայից կամ տարածաշրջանի մյուս երկրներից», բայց հիմա այդպիսի հարց չկա, ԴԱԻՇ-ի դեմ գործողությունը վարում են իրաքցի զինվորականները, քրդերը և տեղի այլ ուժեր: