Ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է վիճարկել հօգուտ Իռլանդիայի իշխանությունների իրենից 13 մլրդ եվրո գանձելու Եվրահանձնաժողովի որոշումը: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Apple-ը հետևում է օրենքին և վճարում է բոլոր անհրաժեշտ հարկերը, որտեղ էլ մենք աշխատենք: Մենք կբողոքարկենք և համոզված ենք, որ որոշումը կչեղարկվի»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Apple-ում համարում են, որ Եվրահանձնաժողովի որոշումը զգալի բացասական ազդեցություն կունենա Եվրոպայում ներդրումային իրավիճակի և աշխատաշուկայի վրա:
Ընկերության վրա դրված տուգանքը դատապարտել է նաև ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Գերատեսչությունում հայտարարել են, որ որոշումը կարող է խաթարել «ԵՄ-ի և ԱՄՆ-ի տնտեսական գործընկերության ոգին»:
Ռեկորդային գումարը նշանակվել է որպես փոխհատուցում այն կորուստների դիմաց, որոնք Իռլանդիայի տնտեսությունը կրել է չվճարված հարկերի պատճառով: