«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ունենալու է 53 թեկնածու: Օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Մեր կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին: Թեկնածուները լուրջ մրցակցություն են ապահովելու փոքր և մեծ համայնքներում»,- ասաց Է. Մարուքյանը:
«Վանաձորում միանշանակ է, որ մենք հաղթելու ենք, որովհետև մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էայնտեղ անդառնալիորեն ՀՀԿ-ն պարտվելու է և հաղթելու շանսերը, ըստ էության, «Լուսավոր Հայաստանինն են»»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ Գյումրիում իրենք համագործակցում են ԳԱԼԱ-ի հետ և այնտեղ ունեն ավագանու անդամի թեկնածուներ:
Վանաձորի ընտրություններում «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը: Է. Մարուքյանը նշեց նաև, որ համայնքի ղեկավարի պաշտոնի համար կուսակցությունը առաջադրել է իր թեկնածուներին Վանաձորում, Սիսիանում, Նոյեմբերյանում և Ջրառատում: ՏԻՄ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 18ին: Քարոզարշավը մեկնարկելու է սեպտեմբերի 1ից: