Մինչ Ժիրայր Սեֆիլյանին տեսակցելը նրա պաշտպան Արա Զաքարյանին այսօր խնդրել էիք Սեֆիլյանից հարցնել, թե ճի՞շտ է Վիտալի Բալասանյանի այն հայտարարությունը, որ Սեֆիլյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից:
Տեսակցությունից հետո Արա Զաքարյանը Armtimes.com-ին փոխանցել է հետևյալը.
«Ժիրայր Սեֆիլյանը շատ կարճ խնդրեց փոխանցեմ հետևյալը, որ Բալասանյանը ստում է. այս ընթացքում նա երկու անգամ հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանի հետ և այդ շփվելու ընթացքում իմ պաշտպանյալի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Բալասանյանը ոչ թե միջնորդի առաքելություն է իրականացնում, այլ փաստացի ստանձնել է Սերժ Սարգսյանի պաշտպանությունը»,- Սեֆիլյանի խոսքերը փոխանցել է Զաքարյանը՝ հավելելով, որ մոտ ժամանակահատվածում Սեֆիլյանն ավելի մանրամասն հայտարարություն կանի: Հարցին՝ արդյո՞ք Սեֆիլյանը Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականն է պահանջում, Արա Զաքարյանը պատասխանեց. «Այս պահին որևէ բան ավելացնել չեմ կարող, բայց այս երկու օրվա ընթացքում որոշակի պարզաբանումներ կլինեն»: