Հնդիկ երկրաֆիզիկոսները և հնագետները վկայություններ են ներկայացրել, որ Հնդկական քաղաքակրթությունը կարող է լինել ամենահինը աշխարհում: Ուսումնասիրությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:
Գիտնականների աշխատանքի համաձայն՝ Հնդկական քաղաքակրթությունն առաջացել է ոչ թե 5,5 հազար տարի առաջ, ինչպես նախկինում էր համարվում, այլ 2,5 հազար տարի ավելի վաղ: Այդ վարկածը հաստատվելու դեպքում կապացուցվի, որ Հնդկական քաղաքակրթությունն ավելի հին է, քան Միջագետքի և Հին Եգիպտոսի պետությունները:
Գիտնականները կարողացել են Հնդկական քաղաքակրթության տարիքը վերահաշվել Հնդկաստանի Ֆաթեհաբադ շրջանում հայտնաբերված քաղաքակրթության արտեֆակտների ռադիոածխածնային և օպտիկական թվագրումից հետո: Մասնագետները պատրաստվում են վերստուգել իրենց տվյալները:
Գիտնականներն ուսումնասիրել են նաև մշակութային մակարդակների փոփոխությունը՝ կլիմայական տատանումներից կախված: Դա հնարավորություն է տվել ենթադրել, որ քաղաքակրթության անկումն ուղղակիորեն կապված չէ կլիմայի փոփոխության հետ:










































