Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի ազդեցիկ սենատոր, հանրապետական Ջոն Մաքքեյնը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Բաքվին կոչ է արել ազատ արձակել ադրբեջանցի հետաքննող լրագրողուհի Խադիջա Իսմայլովային:
Մաքքեյնը սպառնացել է, որ հակառակ դեպքում միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանի իշխանությունների հանդեպ: Նա ընդգծել է, որ Խադիջայի կալանավորումը դուրս է գալիս մեկ անձի շրջանակից և առնչվում է ավելի լայն հարցերի. «Խոսքը համարձակ ու խիզախ կնոջ կողմից կոռուպցիոն բացահայտումների մասին է: Կալանավորելով Խադիջային՝ կառավարությունը պայքարում է ժողովրդավարության, մամուլի ազատության դեմ: Այդպիսով դա ոչ միայն Խադիջայի պատմությունն է, այլև բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության վկայություն»:
ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է Մագնիտսկու գլոբալ օրինագիծը, որն ուղղված է այն պետական պաշտոնյաների դեմ, որոնք ողջ աշխարհում խախտում են մարդու իրավունքները, և սենատոր Մաքքեյնը նրանցից մեկն է, ով աջակցում է այդ փաստաթղթին:
«Եթե իշխանությունները շարունակեն մարդու իրավունքների խախտումները, ապա անհրաժեշտ կլինի միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կառավարության դեմ: Մագնիտսկու օրենքը ողջ աշխարհում վախեցրել է բռնապետներին:
Բնականաբար, մենք պետք է լրջորեն դիտարկենք այդ տարբերակը, սակայն ես հուսով եմ, որ մինչև մենք հասնենք դրան, Խադիջան ազատ կարձակվի: Իմ ուղերձն Ադրբեջանի կառավարությանն այն է, որ ես երկրի վաղեմի ընկերն եմ: Ես ճանաչում եմ կառավարության անդամներից շատերին և գտնվել եմ երկրում:
Այն, ինչ անում են նրանք, սխալ է: Նրանք փչացնում են ողջ ազգի իմիջը: Իշխանությունների գործողությունները վնասում են ադրբեջանցիների իմիջին»,- ասել է Մաքքեյնը: