Արդարադատության նախարարության ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված սկանդալային նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում երեկ քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով, այն է՝ Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը հրապարակել էր Պանամայի օֆշորային գոտում բացահայտված հսկայական քանակությամբ փաստաթղթերից մի քանիսը։ Համաձայն գաղտնազերծված որոշ փաստաթղթերի ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների: Այս բացահայտումից հետո որևէ ձեռնարկատիրական գործունեության հետ կապի մասին լուրեր բազմիցս հերքող Միհրան Պողոսյանը հրաժարական ներկայացրեց:
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը դժվարանում է կանխատեսել, թե հարուցված քրեական գործն ինչ վերջաբան կունենա, սակայն, ընդգծում է՝ սա քայլ էր իրապահ մարմինների կողմից, ցույց տալու համար, որ նրանք հետաքրքրված են նման գործերի բացահայտմամբ:
Տիգրանյանը նկատում է՝ այն, որ Միհրան Պողոսյանին հրաժարականի դիմում ներկայացնել է ստիպել Ալիևի կլանի հետ նույն հարթակում հայտնվելը կամ Հայաստանի ու Ադրբեջանի անունները ասոցացնելը, իրականությունից հեռու է:
Տիգրանյանն ընգծում է՝ 310-րդ հոդվածը վերաբերում է պաշտոնական հանցագործություններին, և որքան էլ կառույցը լավ ղեկավարվեր Միհրան Պողոսյանի կողմից, սա նշանակում է, որ ի վերջո կառույցը կամ պաշտոնյայի դիրքն օգտագործվել է իր ընկերություների համար արտոնություններ սահմանելու կամ հովանավորչություն ապահովելու համար: