Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական «Ժողովրդավարական միություն»՝ ՔԺՄ կուսակցությունը մերժել է Անկարայի պահանջը Մանագ ռազմաբազան և նրա հարակից շրջանները լքելու վերաբերյալ: Այդ մասին տեղեկացրել է Sky News Arabia հեռուստաալիքը:
Քրդերի առաջնորդներից մեկի՝ Սալեհ Մուսլիմի հայտարարության համաձայն՝ իր կողմնակիցները կդիմագրավեն Սիրիայի հյուսիսային շրջաններ թուրքերի ցանկացած ներխուժմանը: Մուսլիմը նաև նշել է, որ մինչ ՔԺՄ-ի և ժողովրդավարական ինքնապաշտպանական ուժերի կողմից Մանագ ռազմաբազայի վրա վերահսկողություն հաստատելը այն գտնվում էր «Ջեբհաթ ան-նուսրա» ահաբեկչական խմբավորման ձեռքում:
Հիշեցնենք, որ թուրքական հրետանին արդեն երկրորդ օրն է՝ ռմբակոծում է քրդերի դիրքերը Սիրիայի հյուսիսային սահմանամերձ շրջաններում: