Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Երևանում աները «կիսլատա» է լցրել նախկին փեսայի դեմքին՝ նրան «սթափեցնելու» համար

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվում է Աշոտ Սուքիասյանի գործի դատական քննությունը:

62-ամյա Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է տուժողի՝  իր դստեր նախկին ամուսնու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Ամբաստանյալը ծծմբական թթու է լցրել նախկին փեսայի դեմքին ու ծանր վնաս է պատճառել նրան՝ չվերականգնվող վնասվածքների, ձախ աչքի տեսողության կորստի ձևով…

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հուլիսի 6-ին, ժամը 17-ն անց 30-ի սահմաններում Աշոտ Սուքիասյանի տուն  է գնացել նրա նախկին փեսան՝ Արտակ Ա.-ն՝ երեխային տեսակցելու նպատակով:

Երեխան քնած է եղել: Աշոտ Սուքիասյանը փեսային առաջարկել է իջնել նկուղում գտնվող իր արհեստանոց: Այնտեղ նրանք սուրճ են խմել, զրուցել են:

«Ելնելով նախկին փեսայի դրսևորած վարքագծից՝ Աշոտ Սուքիասյանն արգելել է Արտակին՝ այցելել իրենց տուն ու տեսակցել երեխային»:

Արտակը, ըստ մեղադրանքի, «արտահայտել է վիրավորական խոսքեր, որը վրդովեցրել է Ա. Սուքիասյանին»: Նա Արտակին ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ վերցրել է ծծմբական թթվով լի տարան ու թթուն լցրել է նախկին փեսայի դեմքին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Տուժած երիտասարդը և նրա ներկայացուցիչ դատական այս նիստին ներկա չէին:

Տուժողի՝ 36-ամյա Արտակի  դեմքը լիովին աղճատված է ծծմբաթթվի ավերիչ ազդեցությունից: Մի աչքը  չկա…

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ ծծմբաթթվից վնասվել են տուժողի դեմքը, աչքերը, պարանոցը, վերին վերջույթները՝ մարմնի 20 %-ին 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներ է պատճառվել:

Դեպքի արդյունքում ծծմբաթթվից վնասվել է նաև թթուն լցնողը՝ Աշոտ Սուքիասյանը: Նա ինքն իր առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Տուժողն ու ամբաստանյալի դուստրն ամուսնացել էին 2012 թվականին: 2014 թվականին ծնվել է նրանց դուստրը: 2015 թվականի սկզբին ամուսինները բաժանվել են:

Նրանց հարաբերությունները լարված են եղել: Երեխային տեսակցելու համար նախկին կնոջ ծնողների տուն այցելող Արտակը հաճախ վիճաբանել է նախկին կնոջ ու նրա մայրիկի հետ:

Դեպքի օրը Արտակը հերթական անգամ  Աշոտ Սուքիասյանի տուն է գնացել՝ իր երեխային տեսակցելու նպատակով: Երեխան քնած է եղել: Աշոտ Սուքիասյանը նախկին փեսային հրավիրել է նկուղում գտնվող իր արհեստանոց՝ սուրճ խմելու…

Ըստ պաշտպանական կողմի դիրքորոշման՝ նկուղում Աշոտ Սուքիասյանի և Արտակ Ա.-ի միջև վիճաբանություն է ծագել, Արտակը շատ է բորբոքվել, և Աշոտ Սուքիասյանը ցանկացել է «սթափեցնել» նրան՝ դեմքին, իր կարծիքով, ջուր լցնելով: Բայց նա ջրով տարայի փոխարեն վերցրել է ծծմբաթթվով լի տարան ու ծծմբաթթու է լցրել Արտակի վրա…

Դատարանը շարունակում է վկաների հարցաքննությունը:

Նախորդ նիստերից մեկի ժամանակ ամբաստանյալի շահերի պաշտպանը միջնորդել էր փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը անազատության հետ կապ չունեցող միջոցով կամ այն փոխարինել գրավով:

Դատարանը մերժել էր պաշտպանի միջնորդությունը՝ հիմնավորելով, որ գործով վկաների գերակշիռ մասը ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի հարազատները կամ հարևաններն են, ինչը դատարանին հիմք է տալիս ենթադրելու, որ ամբաստանյալը, «գտնվելով ազատության մեջ՝ կարող է խոչընդոտել դատաքննությանը՝ վկաների վրա ապօրինի ազդեցություն գործադրելու միջոցով»:

Այս դատական նիստին հարցաքննվեցին ամբաստանյալի երկու երիտասարդ հարևանուհիները:

Վկա Լիլիթը հայտնեց, որ դեպքի օրվա երեկոյան ինքը տնից դուրս է եկել, որ երեխային տանի զբոսանքի: Նրանց ճանապարհն անցնում էր ամբաստանյալի դռան մոտով: Քանի որ ամբաստանյալի դուստրը երեխայի հետ հաճախ միանում էր իրենց զբոսանքին, այս անգամ էլ ինքը մտել է ամբաստանյալի տուն՝ հարցնելու՝ կգա՞ն իրենց հետ զբոսնելու:

Վկայի երեխան մնացել է դրսում՝ նստարանին նստած սպասել է մայրիկին: Մայրիկը հարևանների տանը մոտ տասը րոպե մնացել է՝ զրուցել է ամբաստանյալի դստեր հետ:

Հանկարծ դրսի խախուտ պատշգամբից արագ վազելու ձայն է լսվել:

Ըստ վկայի՝ իրենք մտածել են, թե երեխաներն են վազում, անմիջապես դուրս են եկել, որ երեխաներին սաստեն: Սակայն վկան դռան առաջ տեսել է Աշոտ Սուքիասյանին, ով այլայլված դեմքով էր. նրա դեմքին արյան նման հետքեր կային, վկան մտածել է նույնիսկ, թե դանակի հարվածների հետքեր են: Աշոտի վերնաշապիկը նույնպես տարօրինակ տեսք է ունեցել, ու Աշոտը տուն մտնելու ընթացքում հագից հանում էր վերնաշապիկը:

Վկան հարցրել է. «Աշոտ ձյաձյա, ի՞նչ է պատահել», բայց Աշոտը չի պատասխանել, շտապ ներս է մտել, իսկ վկան, հասկանալով, որ դրսում ինչ-որ վատ բան է կատարվել, և անհանգստանալով իր երեխայի համար, գնացել է դեպի երեխան:

Այդ ընթացքում նա Աշոտի տնից աղմուկ է լսել, կանայք Աշոտին հարցնում էին՝ էս ի՞նչ ա, ի՞նչ ա կատարվել, բայց Աշոտի պատասխանը վկան չի լսել:

Վկան հասել է փողոցի նստարանին նստած երեխային ու գրկել է նրան: Այդ պահին տեսել է տուժող Արտակին: Վերջինս կանգնած էր փողոցում՝ այլայլված տեսքով՝ նրա «ձախ կողմը», ըստ տուժողի, կապտականաչավուն էր, վերնաշապիկը քրքրված էր: Արտակը օգնություն էր կանչում՝ նայելով դեպի Աշոտ Սուքիասյանի տունը: Արտակը, ըստ վկայի, օգնություն էր կանչում անհասցե: Աղմուկի վրա հարևանները դուրս էին եկել, ու Արտակը գոռում էր, որ շտապօգնություն զանգեն:

Վկան երեխային գրկել ու տուն է վազել: Նա ցանկացել է զանգել շտապօգնություն, բայց տեսել է, որ իրենց տան հեռախոսը չի աշխատում: Երեխային թողել է տանն ու նորից գնացել է Աշոտ Սուքիասյանի տուն՝ անհանգստանալով «Աշոտ ձյաձյայի» ու նրա դստեր վիճակով:

Վկան Աշոտի մանկահասակ թոռնիկին տարել է իրենց տուն, որովհետև երեխայի մայրը՝ Աշոտի դուստրն ու տուժող Արտակի նախկին կինը, լաց էր լինում, նա շատ վատ վիճակում էր:

Մի քանի րոպե հետո Աշոտի կինը դստերը տարել է վկայի տուն: Այդ պահին զանգել է վերջինիս հեռախոսը: Նա, տեսնելով, որ զանգողը նախկին ամուսին Արտակն է, չնայած որ շատ անհանգիստ էր Արտակի վիճակի համար, բայց չի կարողացել պատասխանել զանգին ու խնդրել է, որ պատասխանի հարևանուհին:

Լիլիթը լսել է Արտակի գոռգոռոցները ու հասկացել է, որ նա հարցնում է. «Էս ի՞նչ եք լցրել իմ վրա»:

Վկան, որ չգիտեր՝ ինչի մասին է խոսքը, Արտակի խոսքը բառացիորեն կրկնել է, իսկ Աշոտ Սուքիասյանի կինը՝ Արտակի նախկին զոքանչը, պատասխանել է՝ «ռաստվարիտել»:

Վկան Արտակին փոխանցել է նույն բառը. «ռաստվարիտել»: Եվ անջատել է հեռախոսը:

Ըստ վկայի՝ ավելի ուշ, երբ Աշոտին տարել էին հիվանդանոց, Աշոտի դուստրը երեխայի հետ իրենց տանն էր: Իրենց տուն է եկել նաև Աշոտի որդին, նստել է քրոջ կողքին: Որոշ ժամանակ հետո նա մեքենայով ժամանած բարեկամի հետ գնացել է հիվանդանոց:

Վկան Աշոտի ընտանիքի անդամներից լսել է, որ նկուղում Աշոտի ու Արտակի միջև խոսակցություն է եղել, Արտակը նախկին կնոջ հասցեին վիրավորական խոսքեր է ասել: Աշոտը բարկացել է, սեղանին դրված բանկայի պարունակությունը լցրել է Արտակի դեմքին՝ մտածելով, թե դա ջուր է: Բայց Աշոտը շփոթել էր արհեստանոցի սեղանին դրված տարաները ու Արտակի դեմքին լցրել էր ծծմբական թթու:

Ըստ վկայի՝ ծծմբական թթուն, իր իմանալով, Աշոտի արհեստանոցում է եղել, որովհետև նա դրանով «գործիք պիտի մաքրեր»: Արտակին լռեցնելու համար Աշոտը, ըստ վկայի, մտածել է՝ «ջուր լցնեմ, որ լռի», բայց բանկաները շփոթել ու ծծմբական թթու է լցրել Արտակի վրա:

Վկան ասաց, թե իր իմանալով՝ Արտակը խանդոտ ամուսին է եղել, ինչի պատճառով կինը հեռացել է նրանից: Միաժամանակ վկան նշեց, որ Արտակն իր վրա «նորմալ տպավորություն է թողել», չնայած իրենց շփումը «նենց չի էղել», որ ինքը նրան լավ ճանաչեր:

Վկան ասաց նաև, թե ամբաստանյալ Աշոտը շատ լավ հարևան է, բոլորին օգնել է:

Վկան հիշեց, որ դեպքից օրեր առաջ Աշոտի տանը թեժ վեճ է եղել Արտակի և նախկին կնոջ ու նախկին զոքանչի միջև: Վկան ու իր ամուսինը գնացել են, փորձել են հանդարտեցնել, բայց Արտակը շատ բորբոքված է եղել, անվայել բառեր է ասել:

Վկան լսել է, որ Աշոտը սովորաբար Արտակին լավ է վերաբերվել, աշխատել է հանդարտեցնել ընտանեկան վեճերը, իսկ դստերը խորհուրդ է տվել մի քիչ համբերել, քանի որ բոլոր նոր ընտանիքներում դժվարություններ լինում են:

Դեպքի օրը, ըստ վկայի, Աշոտը ցանկացել է «հայաթի համար մանղալ սարքել ու կիսլատայով պիտի մաքրեր դռելը»…

Երկրորդ վկան՝ Լուսինեն, դեպքի օրվա երեկոյան՝ ժամը 18-19-ի սահմաններում, գոռգոռոց է լսել, դուրս է եկել երրորդ հարկի պատշգամբ ու տեսել է, որ Արտակը, նկուղից բարձրանալով, ահավոր գոռում է: Երիտասարդ կինը ներս է մտել, իսկ մի քանի րոպե անց պատուհանից տեսել է, որ Արտակը նստում է շտապօգնության մեքենան: Արտակը հագի վերնաշապիկը հանել, գցել է գետնին ու նոր նստել է մեքենա…

Այս վկան նույնպես լսել էր, որ Արտակն ու կինը բաժանվել են Արտակի խանդոտ լինելու պատճառով: Բաժանվելուց հետո Արտակը հաճախ գալիս էր Աշոտենց տուն՝ երեխային տեսակցելու, նրա հետ զբոսնելու… Վկան լսել էր, որ դեպքից 10-12 օր առաջ Աշոտենց տանը վեճ է եղել, Արտակը վնասել է նախկին զոքանչի մատը…

Հաջորդ դատական նիստին նույնպես դատարանը կհարցաքննի վկաներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում