Կանադայի ռազմական օդուժը մինչև փետրվարի 22-ը կդադարեցնի ռմբակոծել ԴԱԻՇ-ի դիրքերը Իրաքում և Սիրիայում: Այդ մասին տեղեկացրել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, գրում է tass.ru-ն:
Դրանով հանդերձ Կանադան կուժեղացնի ԴԱԻՇ-ի դեմ պայքարը, մասնավորապես կավելացնի զինյալների դեմ կռվող իրաքցի ուժայիններին վարժեցնող ռազմական խորհրդատուների քանակը: «Կարևոր է հասկանալ, որ ճիշտ է, օդային հարվածները ապահովում են ռազմական կարճաժամկետ հաջողություններ, սակայն դրանք չեն կարող երկարատև կայունության երաշխիք լինել»,- ասել է Թրյուդոն:
ԱՄՆ-ի ղեկավարությամբ ընթացող միջազգային գործողություններում Կանադան տրամադրել է վեց F-18 ռմբակոծիչներ, երկու CP-140 Ավրորա հետախուզական ինքնաթիռը և մեկ Airbus CC-150 Polaris տանկեր ինքնաթիռ: