28 քուրդ ակտիվիստներ տարբեր աստիճանի վնասվածքներով 15 օր է գտնվում են Թուրքիայի արևելյան Ջիզարե քաղաքի տներից մեկի նկուղում, RIA Novosti-ին հայտնել է թուրքական խորհրդարանի պատգամավոր, Դեմոկրատական հասարակության կոնգրեսի (ԴՀԿ) համանախագահ Սելմա Իրմակը:
Թուրքական բանակը թույլ չի տալիս վիրավորներին դուրս գալ նկուղից, ինչպես նաև՝ շտապ օգնության անձնակազմին մոտենալ շենքին:
Իրմակի խոսքով` մի քանի օր առաջ իրենց հաջողվել է հեռախոսով կապվել նկուղում մնացածների հետ: «Նրանք ասացին, որ յոթը մահացել են արյան կորստից: Թուրքական բանակը նույնիսկ շտապ օգնությանն է արգելել նրանց մոտենալ: Կարող է պատահել հիմա արդեն բոլորն էլ մահացել են, ոչ մի նորություն չկա»,- ասել է նա:
Թուրքական իշխանությունները «Ջիզարեում փակվածներին» մեղադրում են ահաբեկչության և ՔԱԿ-ի հետ կապի մեջ:
«Սակայն նրանց անձերը ճշտված չեն: Օրինակ՝ նրանցից մեկը մեր կոնգրեսի անդամ է: Կոնգրեսը պաշտոնական է, դա ահաբեկչական կազմակերպություն չէ: Եվս մեկը լրագրող է: Կան մի քանի երեխաներ: Երբ ԴՀԿ-ն հայտարարեց, որ այնտեղ վիրավորներ կան, իշխանությունները ասացին, որ ԴՀԿ-ն ստում է, այնտեղ ընդհանրապես չկան վիրավորներ: Երբ մենք ապացուցեցինք, որ այնտեղ կան վիրավորներ, իշխանությունները հայտարարեցին, որ նրանք ահաբեկիչներ են: Այսինքն՝ հակասական հայտարարություններ են անում»,- նշել է Սելմա Իրմակը:
«Նույնիսկ եթե նրանք ահաբեկիչներ են, դու իրավունք չունես նրանց սպանելու: Հարկավոր է բռնել և բանտ նստեցնել»,- ասել է նա: