Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե արդյոք այսպիսի պայքարով, երբ արդեն տեղի ունեցավ նաև բախում ոստիկանների և ակտիվիստների միջև, հնարավոր է հաջողությունների հասնել և տապալել սահմանադրական փոփոխությունները, նշեց. «Միայն այսպիսով իհարկե հնարավոր չէ, որովհետև Սերժիկ Սարգսյանը տիրապետում է ահռելի ֆինանսական և վարչական ռեսուրսի, ինչքան ոստիկան պետք լինի, կհանի, կշարի այստեղ: Սա անհրաժեշտ պայքար է, բայց բավարար չէ, ուրիշ գործիքներ են պետք: Հարկավոր է քաղաքացիական անհնազանդության բոլոր հնարավոր գործիքները կիրառել, որպեսզի Սերժ Սարգսյանը իր նախաձեռնությամբ ձախողվի: Այդ թվում նաև լայն ու խոր աշխատանք տանել բոլոր քաղաքացիների հետ, հատկապես նրանց հետ, ում Սերժ Սարգսյանը գերի է վերցրել կամ ուզում է գերի վերցնել և տանում է հանձնաժողովներ, որպեսզի հանրաքվե կոչվածը կազմակերպեն: Մարդկանց հնարավորինս անմիջականորեն պետք է բացատրվի, թե սահմանադրական փոփոխությունների գերագույն նպատակն ինչ է, ինչով է վատթարացնում երկրի վիճակը Սերժ Սարգսյանի կլանի վերարտադրումը և ամեն ջանք ներդրվի, որպեսզի ձախողվի այդ հանրաքվե կոչվածը»: